ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի դեկտեմբերին 14 ձկնաբուծարանի գործունեություն է կասեցրել։ Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Խախտումներ ու անհամապատասխանություններ են եղել միայն Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբուծարաններում։
Որոշ ձկնաբուծարաններում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ու ախտածին, ա/թ սալմոնելաներ։
Խախտումներ արձանագրված ձկնաբուծարանների մեծ մասում հայտնաբերվել են ինֆեկցիոն հիվանդության՝ Aeromonas hydrophila / caviae–ի հարուցիչներ։
Մի քանիսում էլ առկա են եղել մակաբուծային հիվանդություններ, օրինակ՝ դիպլոստոմոզ ու իխտիոթիրոզ։
Արմեն Հայրապետյանը նշեց, որ հայտնաբերված հիվանդությունների և շեղումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին տրվել են ցուցումներ, խորհուրդներ՝ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև պարբերաբար ախտահանություններ իրականացնելու ուղղությամբ։
Նշենք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ տարբեր մարզերի Արարատի մարզի 60, Արմավիրի մարզի 12, Արագածոտնի մարզի 1, Գեղարքունիքի մարզի 5, Կոտայքի մարզի 4, Շիրակի մարզի 2 և Վայոց Ձորի մարզի 1 ձկնաբուծարաններում (ընդհանուր` 85 ձկնաբուծարան)։