ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երրորդ երկրներից ներկրված, հիմնականում վրացական համարանիշներով ավտոմեքենաներից 2648–ն է ստացել մաքսային ձևակերպում` օգտվելով պետության սահմանած արտոնություններից։ Ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4–ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30–ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար` 70%–ի չափով։
«Մաքսային մարմինը 2023 թ. տարեվերջին ինտենսիվ տեմպերով աշխատեց, և արդյունքում 2648 տրանսպորտային միջոց, այսինքն` նրանք, որոնք ներկայացել են համապատասխան մաքսային ձևակերպման, ամբողջովին սպասարկվել են պետական աջակցությամբ»,– նշեց Թամազյանը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։
Նշենք, որ կառավարության վերոհիշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Վրաստանից, այլև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ցանկացած այլ երկրից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներին։ Հայաստանի պարագայում, սակայն, ուշադրության կենտրոնում հատկապես վրաստանյան գրանցմամբ ավտոմեքենաներն են, քանի որ դրանց սեփականատերերը ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալիս հեշտությամբ կարող են հատել հայ–վրացական սահմանը և վերադառնալ` դարձյալ ժամանակավոր ներմուծում ձևակերպելով։