Tinder-ում ռուս ներկայացող աղջիկները ծանոթանում են հայ տղաների հետ և գումար հափշտակում. ՔԿ

Խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով 100-ից ավելի քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ծանոթությունների համար նախատեսված Tinder հավելվածում գրանցված հարյուրավոր ռուս աղջիկներ և կանայք նամակագրությամբ կապ են հաստատել տարբեր տարիքի ՀՀ քաղաքացի տղամարդկանց հետ և խաբեությամբ գումար հափշտակել նրանցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ռուս կանայք, միասին թատրոն գնալու պատրվակով հայ տղամարդկանց առաջարկում են իրենց նախընտրած ներկայացման տոմսեր գնել։
«Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի ներկայացուցիչներն ուղարկում են ՀՀ-ում գործող թատրոնների կայքէջերի կեղծ հղումներ, որոնցով մուտք գործելով, քաղաքացիները տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։ Արդյունքում, քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլև որոշ դեպքերում՝ նրա հաշվին եղած ամբողջ գումարը»,– ասված է հաղորդագրությունում։
Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով 100-ից ավելի քրեական վարույթ է նախաձեռնվել, դրանք քննվում են ՔԿ–ում։
Իրավապահ մարմինը քաղաքացիներին հորդորում է տոմսեր ձեռք բերել բացառապես թատրոնների պաշտոնական էջերից, օգտվել ոչ թե 3-րդ անձի կողմից ուղարկված, այլ վստահելի վճարային ծառայություններից։