Փաշինյանն այցելել է ՊՆ և խոսել ԶՈւ-ում կարգապահության բարձրացման անհրաժեշտության մասին

Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն
ՊՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գերատեսչության` 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ՊՆ մյուս պաշտոնյաների հետ խոսել է զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ Փաշինյանն այցելել է ՊՆ՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
«Վարչապետն այս համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչության 2023թ.-ի գործունեության հաշվետվությանն անդրադառնալով` Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր տարածվեց, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը 11:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս դեպքը ևս տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի զորամասերից մեկում։