Լեյտենանտ Դանիելյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Լեյտենանտ Միքայել Դանիելյանը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով, հայտնում է Քննչական կոմիտեն՝ հիմնվելով նախնական տվյալների վրա։
Հայտնել էինք, որ հունվարի 9-ին ժամը 11-ի սահմաններում ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։