«Կամավոր» բռնագանձում Հայաստանում. ով որքան է վճարել պետությանը

ՀՀ գլխավոր դատախազություն
Գերատեսչությունը ներկայացրել է այն անձանց անունները, որոնց հետ հաշտության համաձայնություն է կնքվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունում մինչ օրս կնքվել է 4 հաշտության համաձայնություն։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Մենք հարցրել էին, թե որքան գույք է պահանջել վերադարձնել գլխավոր դատախազությունը, և որքան են համաձայնել փոխանցել գործով անցնող մեղադրյալները։
Գերատեսչությունը ներկայացրել է այն անձանց անունները, որոնց հետ հաշտության համաձայնություն է կնքվել` նշելով նրանց փոխանցած գումարի չափն ու գույքի քանակը։
1.
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ) Վաչագան Ղազարյանը և նրա հետ փոխկապակցված անձինք Իսակովի պողոտայում գտնվող 4 միավոր անշարժ գույք են հանձնել ՀՀ սեփականությանը՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ դրամ շուկայական արժեքով։ Այս համաձայնությամբ պատասխանողները հայցադիմումն ընդունել են մասնակի: Մնացած մասով գործի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում դեռ շարունակվում է:
2.
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ–ի տնօրեն Արթուր Մանուկյանը Երևան քաղաքին է փոխանցել Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող մե անշարժ գույքը, որի շուկայական արժեքը` ավելի քան 86 մլն դրամը, կազմել է ուսումնասիրությամբ հայտնաբերված, ապօրինի ծագում ունեցող 4 անշարժ և շարժական գույքերի ապօրինի մասերի շուկայական արժեքների, ինչպես նաև դրամական միջոցների հանրագումարի 85,2 տոկոսը։
3.
Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը և նրա հետ փոխկապակցված անձինք պետությանը փոխանցել են 1 միավոր շարժական, 1 միավոր անշարժ գույք՝ 16.4 մլն դրամ ընդհանուր արժեքով, ինչպես նաև 28.7 մլն դրամ գումար: Դա կազմել է դատախազության կողմից պահանջվող ապօրինի գույքի արժեքի 75,01 տոկոսը։
4.
«Լուսանշան» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Էդուարդ Հարությունյանը պետությանը փոխանցել է 50 մլն դրամ, որը կազմել է դատախազության կողմից պահանջվող անշարժ գույքի արժեքի և ապօրինի միջոցների 79,58 տոկոսը:
"Կամավոր" բռնագանձում Հայաստանում. ով որքան է վճարել պետությանը
Հիշեցնենք` 2023 թվականի նոյեմբերին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ ապօրինի գույքի համար դատախազության ներկայացրած ընդհանուր հայցագիրը գերազանցում է 500 մլրդ դրամը։