Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կալանավորված է 2021 թվականի սեպտեմբերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն առավել մեղմ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման հարցը երեկ քննարկվել է Հակակոռուպցիոն դատարանում։ Նրա կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացրել է պաշտպանական կողմը՝ պնդելով, որ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։