ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր։ Ոսկեվազի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Կարենը դեկտեմբերի 28-ին դարձել էր 24 տարեկան, ամուսնացած չէր։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ նրա դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է մարտական դիրքում։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Երվանդ Համբարձումյանի խոսքով` Կարենը շատ զուսպ, հավասարակշռված և հանգիստ մարդ էր։
«Շատ լավ երիտասարդ էր, բարի, ընկերասեր, լավ հատկանիշներով օժտված։ Չեմ կարծում, որ կռիվ կարող էր հրահրել, այդ բնույթի անձնավորություն չէր։ Մինչև պայմանագրային ծառայության անցնելը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում է սովորել, ավարտել։ Դրանից հետո էլ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում դասընթացների էր մասնակցել, լեյտենանտի կոչում էր ստացել, հետո էլ զորակոչվել։ Արդեն 6 ամսվա ծառայող էր»,– ասաց Ոսկեվազի վարչական ղեկավարը։
Կարեն Կարապետյանն ընտանիքի ավագ որդին էր, նա փոքր եղբայր ունի, որն ամուսնացած է։