ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հեղինակային ընկերությունը դատի է տվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովին և նրանից 2 մլն ռուբլի է պահանջում կազմակերպությանը պատկանող գեղարվեստական ստեղծագործություններն օգտագործելու համար: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանում, որտեղ համապատասխան հայցը է ներկայացվել։
«Ռուսաստանի հեղինակային ընկերությունը հայցն ընդդեմ Կիրկորով Ֆ.Բ.-ի՝ 2 մլն ռուբլու չափով, դատարան է ներկայացվել։ Գործով նիստի օրը դեռ նշանակված չէ», - ասել են դատարանում՝ չհստակեցնելով հայցային պահանջների էությունը։
Կողմերի պաշտոնական մեկնաբանությունները ՏԱՍՍ-ը դեռ չունի։
Ռուսաստանի հեղինակային ընկերությունը շահույթ չհետապնդող համառուսաստանյան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993 թվականին հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարման համար այն դեպքերում, երբ այդ իրավունքների իրականացումը անհատական հիմունքներով դժվար է: