Լեմկինի ինստիտուտը դատապարտել է հարձակումը Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա

Արխիվային լուսանկար
Լեմիկին ինստիտուտը հայտարարել է, որ լիովին աջակցում է երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենիել Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա: Համապատասխան գրառումն արվել է ինստիտուտի X-ի էջում։
«Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- նշված է ինստիտուտի հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին և ցեղասպանությանը նպաստող միջավայրի ստեղծմանը: Նշվում է, որ նման նախազգուշացումները կարևոր են հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար:
«Մենք լիովին աջակցում ենք երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ ենք անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի և Արևելյան Երուսաղեմի մնացած մասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։