Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել 34-ամյա Գաբրիել Ատալը

Գաբրիել Ատալ
Ատալը Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ է նշանակել Գաբրիել Ատալին: Տեղեկությունը հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
34-ամյա Ատալը, որ մինչ այս նշանակումը ղեկավարում էր կրթության նախարարությունը, Ֆրանսիայի գործող նախագահի թիմում ծագող աստղ է համարվում։ Չնայած տարիքին` նա հասցրել է լինել Ֆրանսիայի կառավարության խոսնակ և ղեկավարել բյուջեի նախարարությունը:
Կառավարության նոր ղեկավարի անունը պետք է հայտնի դառնար երեկ երեկոյան՝ Էլիզաբեթ Բորնի հրաժարականից անմիջապես հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։
Ըստ լրատվամիջոցների` հայտարարությունը հետաձգվել է ներքին առճակատման պատճառով. Ատալի թեկնածությանը դեմ է եղել նաև Մակրոնի մերձավորներից մեկը՝ «Մոդեմ» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն: