2023 թ–ին կայացել է 34 բարձրաստիճան այց ՀՀ, իսկ ՀՀ պաշտոնյաները իրականացրել են 68 այց

Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. գործունեության հաշվետվությունն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2023 թվականի ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից: Արտաքին գործերի նախարարությունում 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ այս տվյալները ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ներկայացվել են նաև առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով:
Քննարկվել են 2024 թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի:
Վարչապետին է ներկայացվել Արտաքին գործերի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Հաշվետվության ներկայացումից հետո նախանշվել են մի քանի ուղղություններով ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները։
«Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ: Նա ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ: