ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը սկանդալի կիզակետում է հայտնվել իր հոսպիտալացման մասին չծանուցելու պատճառով, պաշտոնը լքելու մտադրություն չունի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերին։
«Նախարարը շարունակելու է աշխատել և ծառայել ի բարօրություն մեր երկրի պաշտպանության», - ասել է Ռայդերը «Fox News» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Օսթինի հնարավոր հրաժարականի շուրջ խոսակցությունները։
Նախորդ շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենտագոնը Սպիտակ տանը երեք օր չի հայտնել, որ 70-ամյա Օսթինը հոսպիտալացվել է, և մի շարք պաշտոնյաներ զայրացել են դրանից։
ԱՄՆ պաշտպանության նախարարը հունվարի 1-ին հիվանդանոց է տեղափոխվել պլանային բժշկական պրոցեդուրայից հետո առաջացած բարդությունների պատճառով: Ավելի ուշ նա վստահեցրել է, որ իր առողջական վիճակը բարելավվում է, և միաժամանակ խոստովանել է, որ կարող էր հանրությանը ավելի պատշաճ ձևով տեղեկացնել իր առողջական խնդիրների մասին։
Նշենք, որ նա Պենտագոնը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։