Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Արմեն Աշոտյան. Արխիվային լուսանկար
Շուրջ 7 ամիս է` ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում, որտեղ քննարկվում էր նրա խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը, նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը։
Մինչ այդ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը առաջարկել էր որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը` համակցված 40 մլն դրամ գրավի և երաշխավորությունների հետ։
Մեղադրող դատախազը նշեց, որ պաշտպանական կողմից չեն ներկայացվել ծանրակռիշ փաստեր առ այն, որ չկա հիմնավոր կասկած, որ Աշոտյանը չի միջամտի գործի քննությանը։ Դատախազը հայտարարեց, որ կալանքի կիրառման իրավաչափությունն առկա է։
Նշենք, որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղն.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը,ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը,Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: