Արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանում պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ է ստեղծվել։ Գաղափարը նոր չէ. 2019-ին երեխաների լսումներ էր կազմակերպել, նվագախումբ հավաքել ու անգամ սկսել փորձերը, բայց COVID-19–ի համավարակի պատճառով փորձերը դադարեցվեցին, իսկ երեխաներն անգամ չհասցրին համերգ ունենալ։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2023–ին ծրագիրը սկսեցին զրոյից։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սաներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
Դիրիժորի ղեկավարությամբ ստեղծված մասնագիտական հանձնախումբը 2 ամիս շարունակ Երևան քաղաքում գործող 24 երաժշտական և արվեստի դպրոցներում լսել է շուրջ 300 երեխայի նվագն ու արդյունքում ընտրել նրանցից 80 լավագույններին։
Հիմա հենց այս երեխաներն են Հայաստանի ամենաերիտասարդ սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը
© Sputnik / Aram Nersesyan
Նրանց մեծ մասը մինչև այս նվագախմբում աշխատելու փորձ չի ունեցել, ու հիմա նրանք միանգամից պետք է նվագեն երկու բարդ ստեղծագործություն` Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտն ու ֆրանց Շուբերտի «Անավարտը»։ Բայց նրանցից ոչ մեկը ո՛չ տրտնջում է, ո՛չ էլ նեղսրտում։ Համոզված են` սա դեպի մեծ բեմեր տանող ճանապարհի սկիզբն է։
«Երբ սոլո ես նագում, ինքդ քեզ լսում ես, ու վերջ, իսկ նվագախմբում պետք է բոլորին լսես, ու դա հիմնական դժվարությունն է։ Մեկ–մեկ մեր անփորձությունը հենց այդտեղ է երևում, որ միասին չենք կարողանում նվագել, բայց մենք չենք հանձնվում, պարապում ենք քրտնաջան, ու համոզված եմ, որ ամեն ինչ ստացվելու է լավ»,– ասում է 15–ամյա ջութակահարուհի Արիանա Գալստյանը։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Արիանա Գալստյան
© Sputnik / Aram Nersesyan
Նվագախմբում կան պատանի երաժիշտներ, որոնք ընտրվել էին նաև 2019-ին, երբ համերգներն այդպես էլ չկայացան։ Նրանցից մեկը Ավետիս Էսկինյանն է։ 16–ամյա ֆլեյտահարն ուրախ է, որ հենց հիմա է այս նվագախմբի մի մասնիկը, քանի որ հիմա մասնագիտական առումով ավելի կատարելագործված է։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Ավետիս Էսկինյան
© Sputnik / Aram Nersesyan
«Արամ Խաչատրյանը, հատկապես ֆլեյտայի համար, շատ դժվար է գրված։ Օկտավաներ կան, որոնք շատ դժվարությամբ ես վերցնում ու կատարում։ Բայց ամեն ինչ անում եմ, որ ստացվի, սա շատ մեծ փորձ է, որովհետև հետագայում այս գիտելիքները մեզ շատ են պետք գալու»,– ասում է նա։
Սիմֆոնիկ նվագախմբի ամենափոքր երաժիշտը 10–ամյա ջութակահար Էմիլյա Թովմասյանն է։ Ասում է, որ ամենաբարդը սկզբում դիրիժորին հասկանալն էր, բայց հիմա արդեն հունի մեջ է ընկել ու փորձում է հասնել մեծ ընկերներին։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Էմիլյա Թովմասյան
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ կողքը նստում է Կոնսերվատորիայում սովորող մի աղջիկ, երբ չեմ կարողանում նվագել, նայում եմ նրան, որ ամեն ինչ ճիշտ անեմ»,– ժպտալով պատմում է Էմիլյան։
Ի դեպ, նվագախմբում երաժշտական քոլեջների ու Կոնսերվատորիայի ուսանողները հատուկ հենց այդ նպատակով են ընդգրկվել, որ տարիքով փոքր երեխաներին համախմբեն ու լավ օրինակ ծառայեն։
Ալտահար Հեղինե Աբրահամյանը սովորում է Կոնսերվատորիայի 2-րդ կուրսում։ Քաջ գիտակցում է, իր դերն ու պատասխանատվության չափը և փորձում է երեխաներին օգնել մասնագիտական կատարելագործման հարցում։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Հեղինե Աբրահամյան
© Sputnik / Aram Nersesyan
«Թե՛կազմակերպչական, թե՛ մասնագիտական առումով հասկանալի է, որ իրենց համար պետք է լավ օրինակ լինեմ` չուշանամ, ճիշտ նստեմ, գործիքը ճիշտ բռնեմ, դիրիժորի հետ ճիշտ կոնտակտի դուրս գամ։ Հետո փորձում եմ այնպես անել, որ իրենք իրենց ավելի վստահ զգան բեմում, զգան, որ ամուր թիկունք ունեն ու ցույց տան այն ամենը ինչ կարող են»,– նշում է Հեղինեն։
Նվագախմբի փորձերը մեկնարկել են նոյեմբերին, տարբեր գործիքային խմբերի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատում են ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 12 փորձավար և 2 դիրիժոր։ Նրանցից մեկը Ներսես Մկրտչյանն է, որն արդեն երեխաների հետ աշխատելու փորձ ուներ։ Քաջ գիտակցելով պատասխանատվության չափն ու դժվարությունները` ընդունել է մաեստրոյի հրավերն ու սկսել աշխատել պատանի երաժիշտների հետ։
«Նախ ընտրությունը հեշտ չէր, որոշ երեխաների անգամ երկու փուլով ենք լսել, լավ երեխաներ կային, ու դա շատ էր բարդացնում գործը։ Հիմա նրանց հետ աշխատելիս խնդրում եմ նրանց կենտրոնանալ մեր ասածների վրա, լավ ֆիքսել ամեն ինչ, որ հաջորդ փորձին կատարելագործված գան։ Ճիշտ է, միշտ չէ, որ ստացվում է. դե, երեխաներ են, բայց փորձում ենք»,– ասում է դիրիժորը։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ներսես Մկրտչյան
© Sputnik / Aram Nersesyan
Հիմա ամբողջ նվագախմբով պատրաստվում են փետրվարին կայանալիք համերգին։ Բոլորը հուսով են, որ արդյունքներն այնքան լավը կլինեն, որ նախագիծը կվերածվի մշտական նվագախմբի։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ
© Sputnik / Aram Nersesyan
Ի դեպ, ընտրված երեխաները կունենան մի շարք առավելություններ։ Օրինակ` նվագախմբի գործունեության 8 ամիսների ընթացքում նրանք կազատվեն դպրոցների ուսման վարձավճարներից, իսկ նրանց ուսուցիչներին կհատկացվեն դրամական միջոցներ հավելյալ պարապմունքների համար: