ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր նախնական նիստ է անցկացրել Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Նիստի ընթացքում Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան խնդրել է դատարանին անմեղ ճանաչել իր պաշտպանյալին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավճռի բողոքարկման գործով դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունվարի 7-ին: Դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 15-ին։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։