ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ձախ արմատական ուսանողական միավորման անդամները փորձել են ներխուժել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յյոլի գրասենյակի շենք և ձերբակալվել են ոստիկանության կողմից: Տեղեկությունը հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
«Սեուլի Յոնսանի շրջանի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Կորեայի առաջադիմական ուսանողական միության 20 անդամների՝ շենք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով», - հայտնում է գործակալությունը:
Նշվում է, որ ուսանողները ներթափանցման փորձից 10 րոպե առաջ հավաքվել են նախագահի գրասենյակի առջև և տարբեր կարգախոսներ են վանկարկել, այդ թվում՝ նախագահի հրաժարականի և նրա կնոջ՝ Կիմ Գոն Հիի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու պահանջով:
Հանրահավաքը նախապես համաձայնեցված չի եղել։ Ուսանողական միության անդամները խնդրել են հանդիպում կազմակերպել վարչակազմի աշխատակիցների հետ, որից հետո սկսել են դարպասով և ցանկապատով ներխուժել շենք: Նրանց մի մասին հաջողվել է հաղթահարել անցակետը, մյուսները նստացույց են կազմակերպել անցակետի դիմաց։
Ոստիկանությունը բերման ենթարկվածներին տարբեր տեղամասեր է տեղափոխել և պարզում է դեպքի հանգամանքներն ու դրդապատճառները: