ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ռուսաստանը չի խանգարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված` ԱՄՆ դիվանագիտական ջանքերին, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում մեզ հետամուտ լինել այն կարևոր դիվանագիտական ջանքերին, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար։ Մենք կշարունակենք դրանք իրականացնել»,- ասել է դիվանագետը։
Ինչ վերաբերում է երկու պետությունների արտգործնախարարների` Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպման ժամկետներին, ապա, ըստ Միլլերի, բանակցությունների ժամկետը որոշվելուն պես կհաջորդի պաշտոնական հայտարարություն։
Հիշեցնենք` դեկտեմբերին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ 2024 թվականի հունվարին Վաշինգտոնում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս ձևաչափով բանակցությունները նախատեսված էին նոյեմբերի վերջին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց մասնակցել։