Քոչարյանի գործով ևս մեկ դատախազ Քննչական կոմիտեում պաշտոն ստացավ

Պետրոս Պետրոսյան
Պետրոս Պետրոսյանը 2023 թվականի հուլիս–դեկտեմբեր ամիսներին ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդականն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկը՝ Պետրոս Պետրոսյանը, Քննչական կոմիտեում պաշտոն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ Քյարամյանի խորհրդական է նշանակվել։
Պետրոս Պետրոսյանը 36 տարեկան է։ Նա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2020–2023 թթ. ընթացքում եղել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, այնուհետև Կոտայքի մարզի դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական։