Օղակը դեռ բասկետբոլի վահանակ չէ. Փաշինյանը դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` պետությանը պետք են այնպիսի պաշտոնյաներ, որոնք ոչ թե հարցեր են բարձրացնում, այլ հարցեր են լուծում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։ Նա այդ մասին խոսեց կառավարության այսօրվա նիստում։
Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին, և նա մի շարք խախտումներ էր արձանագրել։
«Ցանկացած բան, որի վրա օղակ է, բասկետբոլի վահանակ չէ: Ֆուտբոլի դարպասներ են դրվում մարզադահլիճներում այն նկատառմամբ, որ այն կարող է նաև ֆուտզալի դահլիճ լինել, բայց դարպասները դաշտի մեջ են, ոչ թե եզրագծին։ Մի քանի հազար դրամ այսկողմ-այնկողմ անելու համար ինչ ասես բերում, կախում են»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրեն այլևս պետք չեն խնդիրների բացատրություններ, այլ պետք են խնդիրների լուծումներ։ Փաշինյանը շեշտեց` որևէ մեկը թող չգա ու իրեն չասի, թե ինչու է այս ինչ բանն այսպես, պետք է գան ու ասեն` հարցը լուծված է։
«Ես չկարողացա 5 տարվա մեջ բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել։ Թվում է, թե պարզ բան է։ Դրա համար հատուկ գիտելիքնե՞ր են պետք»,– նշեց նա։
Մեկնաբանելով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկությունները` ՀՀ վարչապետը շեշտեց` պետությանը պետք չեն պաշտոնյաներ, որոնք հարցեր են բարձրացնում, պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր։