ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը ծանոթացել են վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին և վստահեցնում են` մտահոգությունները շարունակում են խորանալ։ Այս մասին պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին։ Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը»,– ասված է հայտարարությունում։
Նրանք վերահաստատում են, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում իրենց բարձրաձայնած բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
2023 թվականի դեկտեմբերի 8-ին Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։