ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Գյումրիում վարձակալված բնակարանում 53-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժինը երեկ` ժամը 17։15-ի սահմաններում, Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կուրղինյան փողոցի տներից մեկը և այնտեղ տղամարդու դի հայտնաբերել, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ Գ․ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը` Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ա․ Պ․-ն։
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։
Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք Ամանորը նշելու համար օրեր առաջ մեկնել էին Գյումրի, վարձակալել այդ տունը և Ամանորը անցկացրել այնտեղ։ Հունվարի 2-ին տանտերն այցելել է նրանց, ամուսինները խնդրել են ևս մեկ օր մնալ, տանտերը դեմ չի եղել։ Վանաձորում գտնվող հարազատներն անհանգստացել են, քանի որ նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանել, և դիմել են ոստիկանություն։
Ոստիկանները պարզել են, թե որ տանն են նրանք բնակվում։ Դուռը բացել են հատուկ տեխնիկայի միջոցով, տղամարդուն հայտնաբերել են մահացած, իսկ նրա կնոջը՝ անգիտակից վիճակում։