Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ չինական BYD և մի շարք այլ ընկերությունների հետ քննարկել են Հայաստանում էլեկտրամոբիլների համատեղ ընկերություն ստեղծելու հարցը։
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ-ի սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ առանց մաքսատուրքի։
էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան Հայաստանի համար 2022 թվականին սահմանվել էր 7 000 ավտոմեքենայի հաշվով, 2023-ին՝ 8 000։ Տրված քվոտաները Հայաստանն ամբողջությամբ չի սպառել․ 2022-ին ՀՀ է ներկրվել է 2 680 էլեկտրամոբիլ, իսկ 2023-ի նոյեմբերի 1-ի դրությամբ` շուրջ 4 500։
Հայաստանում էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մինչև չլուծվեն լոգիստիկ հարցերը, դժվար է խոսել ՀՀ-ում էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն հիմնելու մասին։