Տեր–Ղազարյանցը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ Երկար տարիներ աշխատել է կուսակցական ապարատում, 70-80–ականներին եղել ԽՍՀՄ դեսպան աֆրիկյան երկրներում, այնուհետև աշխատել է հեղինակային իրավունքների պաշտպանության կազմակերպությունում։ Կանգնած է եղել Ռուսաստանի հայերի միության ակունքներում, որտեղ աշխատել է մինչև 100-ամյակը ու դրանից հետո։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Դեկտեմբերի 31-ին Մոսկվայում մահացել է խորհրդային կուսակցական գործիչ և դիվանագետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գեորգի Տեր–Ղազարյանցը։ 2023 թվականի մարտին Նիկոլայ Արտաշեսովիչը սկսեց իր երկրորդ հարյուր տարվա հաշվարկը։ Ակտիվության առումով այն քիչ էր զիջում առաջինին` մինչև կյանքի վերջին օրերը եղել է Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահը։ Ընդ որում, ինչպես հիշում է մյուս փոխնախագահը` Լուսիկ Ղուկասյանը, աշխատել է իրականում, այլ ոչ թե պարզապես գրանցված է եղել։
«Նա եղել է Ռուսաստանի հայերի միության ակունքներում կանգնած նշանակալի կերպարներից մեկը, Արթուր Չիլինգարյանի, քանդակագործ Ֆրիդ Սողոյանի, Առնոլդ Արմայանի հետ մեկտեղ։ Նման մարդկանց շնորհիվ է Միությունն այսքան երկար և կայուն գործում։ Հույս ունենք, որ Նիկոլայ Արտաշեսովիչի կյանքն էլ երկարացրեց աշխատանքն ու նույնիսկ ծեր տարիքում պահանջված լինելու զգացումը», – հավելեց Ղուկասյանը։
Կանոններով և առանց
Մինչև 2020 թվականի մարտը, երբ սկսվեցին լոքդաունները, Տեր–Ղազարյանցն մշտապես աշխատանքի էր գալիս, ընդ որում գալիս էր բոլորից շուտ և գնում բոլորից ուշ։ Նրան ոչ մի անգամ առանց փողկապի չեն տեսել` նույնիսկ երբ 2022 թվականի ամռանը Մոսկվայի մերձակայքում տորֆավայրեր էին այրվում, իսկ քաղաքը պատված էր սմոգով և անտանելի շոգ էր, հիշում է Ղուկասյանը։
Ընթերցողներին Տեր–Ղազարյանցի երկարակեցության «բաղադրատոմսը» խորհուրդ չենք տա, քանի որ նա շատ էր ծխում։ Երևան եկող նրա բոլոր գործընկերներն ու ծանոթները գիտեին` իրենց հետո պետք է նրա համար հայկական ծխախոտ տանեին։ Բացի այդ, նա քաղցրի մեծ սիրահար էր` Ռուսաստանի հայերի միության ողջ անձնակազմին պաղպաղակ և վաֆլի էր հյուրասիրում։
«Մի անգամ գնացինք Գեորգի Արտաշեսովիչին այցելության, մեզ հետ քաղցրավենիք տարանք։ Ասում եմ. «Նա կոնֆետ և վաֆլի է սիրում»։ Արա Արշավիրովիչն (Աբրահամյանը) ասում է. «Լավ է, ի՞նչ վաֆլի, լուրջ բաներ վերցրեք»։ Բայց ես նաև այդ վաֆլիներից վերցրի։ Եվ ահա նստած ենք սեղանի շուրջ, և նա հանկարծ ձեռքը տարավ վաֆլիներին ու նորից սկսեց բոլորին հյուրասիրել», – հիշում է Ղուկասյանը։
Մինչև 95 տարեկանը նա մեքենա էր վարում, ընդ որում սիրում էր շատ արագ վարել (գուցե խորհրդային տարիներից մնացած սովորություն էր, երբ հատուկ ծառայողական վարորդական վկայականների տերերին ոստիկանությունը չէր տուգանում)։ Երբ ճանապարհներին տեսանկարահանող սարքեր տեսավ, շատ զարմացավ` ինչպես և տուգանքի մասին ծանուցումից։
«Մի անգամ մտնում եմ նրա մոտ, նա նստած է, ինչ–որ թղթի է նայում։ «Ահա», – ասում է, – «Իսկ ինձ տուգանք է եկել։ Բայց չէ որ այդ փողոցը լրիվ դատարկ էր»։ Ասում եմ, «Ընտելացե՛ք, այդ տեսախցիկներն այժմ ամեն քայլափոխի վրա են»», – պատմում է Ղուկասյանը։
Տեսնելով Տեր–Ղազարյանցի երիտասարդ տարիների լուսանկարները, նա մի անգամ հարցրել է. «Իսկ ճի՞շտ է, որ Երևանում մոպեդով էիք շրջում»։ «Ի՞նչ մոպեդ... Հարլի Դևիդսոն էր»։
ԽՍՀՄ դեսպան
Երբ Տեր–Ղազարյանցը վերադարձավ Հայրենական մեծ պատերազմից, սկսեց աշխատել կուսակցական գծով։ 27 տարեկանում` 1950 թվականին, Հայկական ԽՍՀ–ի կոմերիտմիության (ԼԿԵՄ ԿԿ) առաջին քարտուղար նշանակվեց, իսկ 1953 թվականի մարտին` Ստալինի հուղարկավորության ժամանակ, պատվո պահակախմբում էր կանգնած։ 50-ականների վերջին, աշխատելով արդեն համամիութենական կոմերիտմիությունում(ՀԼԿԵՄ ԿԿ), պատվիրակության հետ նաև Չինաստան էր մեկնում, որտեղից պահպանվել են Մաո Ցզեդունի հետ նրա լուսանկարները։ 60-ականներին Հայաստանի ԿԿ–ում աշխատում էր որպես գաղափարական հարցերով քարտուղար։ Այդ ժամանակներից մինչև վերջին տարիները նրա աշխատասեղանի վրա մշտապես թարմ թերթերի տրցակ էր դրվում, որը նա ընթերցում էր մատիտը ձեռքին։
1973 թվականին սկսվեց Տեր–Ղազարյանցի կարիերայի դիվանագիտական փուլը, որով առավել հայտնի է նա` 14 տարի ԽՍՀՄ դեսպան է եղել Սենեգալում, այնուհետև՝ Զիմբաբվեում։ Նշանակումը պատահական չէր` բացի կուսակցական ապարատում և Անդրկովկասյան ռազմական օկրուգում աշխատելու փորձից, նա ֆրանսերեն գիտեր (ինչ հեշտացնում էր նրա աշխատանքը Սենեգալում)։ Սովորածը նա հիշում էր նաև 90–անց տարիքում։
Մի անգամ Ռուսաստանի հայերի միությունից զանգահարեցին Ելիսեյան պալատ` Ֆրանսիայում ապրիլի 24-ը հիշատակի օր ճանաչելու հետ կապված որոշ ճշգրտումներ անելու համար։ Շուտով պատասխան զանգ է ստացվում, ընդ որում գծի մյուս ծայրում հրաժարվում են անգլերեն խոսել։
«Մենք վազելով գնում ենք նրա մոտ. «Գեորգի Արտաշեսովի՛չ, հիշեք ձեր ֆրանսերենը, դրա կարիքը կա»», – ժպիտով հիշում է Ղուկասյանը։
Տեր–Ղազարյանցի ղեկավարությամբ իր առաջին դիվանագիտական առաքելությունն էր կատարում Գրիգորի Կարասինը` ՌԴ ԱԳՆ ապագա փոխնախարարն ու պետական քարտուղարը, ով միշտ հարգանքով է խոսել իր ավագ գործընկերոջ մասին։ Մտերիմ հարաբերություններ ուներ նա նաև Եվգենի Պրիմակովի հետ։
Զիմբաբվեում, որտեղ Տեր–Ղազարյանցը ևս դեսպան է եղել, նրան հիշում են մինչ օրս։ Դրանում համոզվել է նաև Արա Աբրահամյանը, ով մի քանի տարի առաջ աշխատանքային այցով եղել է Զիմբաբվեում և հանդիպել երկրի նախագահի հետ։ Երբ Աբրահամյանը տվել է Տեր–Ղազարյանցի անունը, պարզվել է, որ նախագահ Ռոբերտ Բուգաբեն (ով 30 տարի իշխանության ղեկին էր) շատ լավ հիշում էր նրան, անձամբ է նրանից հավատարմագրերն ընդունել։ Մոռանալով արարողակարգի մասին` նա ընկել է հիշողությունների գիրկը...
«Ի՜նչ հզոր անձնավորություն է»
Տեր–Ղազարյանցի հոբելյաններից մեկի ժամանակ Ռուսաստանի հայերի միությունում հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել, որին մասնակցելու համար նաև ամերիկահայեր էին ժամանել։ Սկզբում հյուրերը զարմանքով հարցնում էին՝ ո՞ւմ պատվին են նրանց հավաքել։ Բայց էկրանին նրա լուսանկարների ընտրանին տեսնելով, այդ թվում ավագ Բուշի հետ, նրանք չկարողացան թաքցնել իրենց հույզերը` «As inch hzor mard e!»։
Տեր–Ղազարյանցը նրանց հիանալի հասկացավ, քանի որ օտարերկրյա լեզուների իմացության հետ մեկտեղ, հրաշալի տիրապետում էր նաև մայրենիին` ընդ որում վերջին տարիներին ջանում էր ավելի շատ հայերեն խոսել, իսկ ընդհուպ մինչև 95-96 տարեկանը բաց չէր թողնում Հայաստան գալու ոչ մի հնարավորություն. այստեղ Ռուսաստանի հայերի միությունը Սփյուռքի նախարարության և Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ նախագծեր էր իրականացնում։
Նախագահը, թեյն ու երգերը
Իր հոբելյաններին նա շնորհավորանքներ էր ստանում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի նախագահներից։ 100-ամյակի առթիվ նա ստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական շնորհավորանքը, իսկ դրանից 10 տարի առաջ` 90-ամյակին, Կրեմլից նրան Ռուսաստանի զինանշանով մեծ տուփ էին ուղարկել. տուփի մեջ` թեյի սպասք։
Նրա հոբելյանին գալիս էին Յուրի Անտոնովն ու այլ հայտնի երգիչ-երգահաններ, որոնց հետ նա մտերմացել էր հեղինակային իրավունքների պաշտպանման համամիութենական գործակալությունում, այնուհետև` ՌԴ հեղինակային միությունում աշխատելու տարիներին։
Եվ վերջում
Գեորգի Արտաշեսովիչը կյանքից հեռացավ Ամանորից մի քանի ժամ առաջ, հարազատներով շրջապատված։ Հրաժեշտի արարողությունը ընտանիքը որոշեց անցկացնել հունվարյան տոներից հետո, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ճանաչում և հարգում էին նրան, կարողանան գալ` նրան հրաժեշտ տալու։