ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը և ՌԴ ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտը իրենց ցավակցությունն են հայտնել խորհրդային դիվանագետ, աֆրիկյան երկրներում ԽՍՀՄ դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցի մահվան կապակցությամբ։
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Մոսկվայում 100 տարեկանում մահացել է Գեորգի Տեր-Ղազարյանցը:
«Կյանքից հեռացել է հրաշալի մարդ, առաջնագծի զինվոր, մեր ականավոր գործընկերը, հիանալի մասնագետ, ով մեծ ներդրում է ունեցել աֆրիկյան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Գեորգի Արտաշեսովիչը պարկեշտ, ազնիվ ու համակրելի անձնավորություն էր՝ պատրաստ կիսելու իր գիտելիքներն ու փորձը։
«Տեր-Ղազարյանցի վառ ու բարի հիշատակը հավերժ կմնա նրա ընտանիքի ու բարեկամների, ընկերների ու աշխատակիցների հիշողության մեջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պատերազմի միջով անցնելուց հետո Տեր-Ղազարյանցն ավարտել է Վ.Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան, իսկ 1950-ին սկսել է իր կարիերան որպես Հայաստանի Կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղար։ 1955-1973 թվականներին զբաղեցրել է Խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական կոմիտեի նախագահի տեղակալի, Կոմերիտմիության կենտկոմի բաժնի վարիչի, ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի ավագ ռեֆերենտի, Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարի և երկրորդ քարտուղարի պաշտոնները։ 1973 թվականի մարտին նշանակվել է Սենեգալում ԽՍՀՄ դեսպան, իսկ 1981 թվականի հունիսին՝ Զիմբաբվեում ԽՍՀՄ դեսպան։
Տեր-Ղազարյանցը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Պատվո նշան» շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, երկու անգամ՝ Աշխատանքային կարմիր դրոշի և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։