ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վճռականորեն դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի մամուլի ծառայության աշխատակից Ֆլորենսիա Սոտո Նինյոն։
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցած այսօրվա հարձակումը, որի հետևանքով, ինչպես հայտնում են, ավելի քան 100 մարդ է զոհվել, շատերը վիրավորում են ստացել։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին», – ասել է նա։
Ավելի վաղ IRNA իրանական գործակալությունը հայտնել էր Քերմանում գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնեց նաև երկրորդ պայթյունի մասին` Գոլզարի գերեզմանատուն տանող ճանապարհի վրա։
Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Պայթյունների զոհերի թիվը, վերջին տվյալներով, 103 է։ Վիրավորվել է մոտ 200 մարդ։
Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։