ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մրցաշարին մասնակցել է 12 պետության 110 մարզիկ։ Մոսեսովը 1:26.08 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու արծաթե մեդալ նվաճել՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու բրոնզե մեդալ նվաճել:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովը դարձյալ արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում:
Մինչ այդ Մոսեսովը միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։
Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնությունն առաջին անգամ է անցկացվել։