ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն և Կատարը գաղտնի երկարաձգել են Մերձավոր Արևելքի խոշորագույն Էլ Ուդեյդ ավիաբազայում ամերիկացի զինծառայողների տեղակայման մասին պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը։
«ԱՄՆ–ն գաղտնի համաձայնագիր է կնքել, որը ևս տասը տարով երկարացնում է նրա ռազմական ներկայությունը Կատարի խոշոր ռազմակայանում», - գրում է գործակալությունը` հղում անելով ամերիկացի 3 ռազմական պաշտոնյայի ու ևս մեկ իրազեկ աղբյուրի:
Նշվում է, որ խոսքը Դոհայից հարավ-արևմուտք ընկած անապատում գտնվող Էլ Ուդեյդ ավիաբազայի մասին է, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ռազմակայանն է և կարող է տեղավորել ավելի քան 10 հազար ամերիկացի զինվորականի:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության համար «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողություն է սկսվել Եմենի հուսիթների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին: Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած գործողությանը միացել է ավելի քան 20 երկիր: