Մի 100 տարվա գործ կա․ Հայաստանում հերթով վերականգնվում են կարևոր պատմական հուշարձանները

2024թ–ին պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման հատկացումները պետական բյուջեից գերազանցելու են 1 մլրդ դրամը։ Այս հատկացումներով նախատեսվում է 14 հուշարձանի վերականգնման աշխատանքներ սկսել կամ շարունակել։
Sputnik
Ամբերդի ամրոց, Տավուշի բերդ, Սրվեղի վանք, Այգեշատի Թարգմանչաց, Փարպիի Ծիրանավոր, Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ․․․ Սա այն հուշարձանների ոչ ամբողջական ցանկն է, որոնց վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել կամ շարունակել 2024 թվականի ընթացքում։
Ընդհանուր առմամբ, այս տարվա ծրագրով 14 հուշարձան է ընդգրկված։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ պետական բյուջեից 2024թ-ի համար պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման հատկացումները 2023-ի համեմատ կրկնապատկվել են՝ գերազանցելով 1 մլրդ դրամը։
«Ցավոք, այս տարիների ընթացքում վերականգնման տեմպերը բավարարին մոտ չեն եղել։ Ունենք մոտ 600 վտանգված հուշարձան, սա նշանակում է՝ մի քանի տասնյակ, եթե չասենք՝ հարյուրավոր տարիների աշխատանք։ Փորձում ենք հնարավորինս ավելացնել տեմպերը՝ ավելի շատ հուշարձաններ փրկելու համար»,- նշում է Վանյանը։
Այս տարվա ծրագրում Ամբերդ ամրոցի վերականգնման, ամրակայման աշխատանքներ են ներառված։
Руины Амбердской крепости
Ամրոցի վտանգվածության և հրատապ միջամտության մասին տարիներ շարունակ խոսվում էր, սակայն խոսքից գործի անցնել ոչ մի կերպ չէր հաջողվում։ Վանյանը 2024թ․ ծրագրի ցանկից առանձնացնում է նաև Ագարակ հնավայրը։
Ագարակ հնավայր
«Ագարակը բացառիկ հուշարձան է՝ տարբեր պատմական, հնագիտական ժամանակաշրջաններ ընդգրկող՝ վաղ բրոնզեդարյան շերտեր, ուրարտական, ուշ շրջանի շերտեր։ Դա մի հնագիտական հուշարձան-դասագիրք է։ Շատ կարևոր, հրատապ էր ամրակայել տարիներ շարունակ պեղված հատվածները, որ դրանք պարզապես չոչնչանան։ Հուշարձանը բացառիկ է, մրցույթին մասնակցել և նախագիծը կազմել են իտալացի և հայ ճարտարապետներ»,- նշում է Վանյանը։
Արժեքավոր է մարդկության համար. ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում հայկական նոր հուշարձան կարող է ընդգրկվել
Նրա խոսքով՝ այս հուշարձանի հարցում օգտվել են միջազգային փորձից։ Բավականին հետաքրքիր արդյունք է ակնկալվում, ամրակայելուց հետո որոշակի հատվածներում նաև ծածկեր են նախատեսվում։ Վանյանը շեշտում է՝ Ագարակը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, սակայն այն չի ընդգրկվում զբոսաշրջային երթուղիներում։ Ոլորտի պատասխանատուները վերականգնման ծրագրին զուգահեռ նաև հանրահռչակման ուղղությամբ են աշխատանք կատարում, սակայն այստեղ դեռ մեծ անելիքներ կան։
Ագարակ հնավայր
2024թ․ վերականգնման ծրագրում ներառված է նաև Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին։ 3 անգամ մրցույթները չկայանալուց (մասնակից չլինելու պատճառով) հետո ի վերջո տարեվերջին մրցույթում հաղթող կա։ Այս տարի մեկնարկող վերականգնման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 3 տարում։
«Աշխատանքի բավականին մեծ ծավալ նախատեսվում է հենց 2024-ին իրականացնել, եթե չնախատեսված խնդիրներ չառաջանան, քանի որ հուշարձանների վերականգնման ընթացքում բարդացումներ լինում են։ Վերականգնումը հրատապ է, քանի որ եթե պատերը, քարերը չամրակայվեն, փլուզումները շարունակվելու են»,- նշում է Վանյանը։
1 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

2 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

3 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

4 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

5 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

6 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

7 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

8 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

9 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

10 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

11 / 11

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

Այն հիմնադրվել է 5-րդ դարում։ Եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավորը համարվում է հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշարձաններից մեկը։ 12-13-րդ դարերում՝ սելջուկների դեմ պայքարի տարիներին, Զաքարյաններն ամրացրել են հյուսիսային և արևմտյան ճակատները՝ եկեղեցին վերածելով պաշտպանական հզոր շինության: 18-19-րդ դդ․ այն ամբողջապես վերածվել է ամրոցի։ 1827թ․ հզոր երկրաշարժից հետո եկեղեցին կիսավեր է և խոնարհված։
ԿԳՄՍՆ–ն քննարկել է նորահայտ օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալու հարցը. լուսանկարներ
Հուշարձանների վերականգնումից բացի օրեր առաջ կառավարությունը նաև լրացուցիչ գումար է հատկացրել տեղեկատվական մոդուլային կենտրոնների ստեղծման համար։ Կառուցվելու են տեղեկատվական կենտրոններ՝ սանհանգույցով, տոմսավաճառի, հուշարձանների վաճառքի հատվածներով։ Այս պահին հաստատվել է Լոռի բերդի, Բջնիի և մայրաքաղաք Արտաշատի մոդուլային կենտրոնների կառուցումը։
Ինչ վերաբերում է նախորդ տարում արված աշխատանքներին, ապա, Վանյանի խոսքով, նախ բարեփոխվել է իրավական դաշտը, ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքներն են ակտիվացել, ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում գրանցելու համար Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի հայտն արդեն ուղարկվել է ԱԳՆ։
Տիրինկատարի տարածքը
Այս տարի ակտիվ աշխատանքներ են իրականացվելու ոչ միայն նախնական ցանկում եղած հուշարձանները հիմնական ցանկ տեղափոխելու, այլև նախնական ցանկում նոր հուշարձաններ գրանցելու ուղղությամբ։ 2023թ․ ընթացքում նաև հասցրել են վերականգնել և տեղադրել Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որը գողացել էին, ավարտվել են Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկի նորոգման աշխատանքները, Քոբայրավանքի սեղանատունն է վերանորոգվել և սահմանամերձ Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին, գյուղացիների խնդրանքով նաև նոր զանգակատուն է կառուցվել, զանգ է տեղադրվել։
Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին