ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բերման է ենթարկվել Երևան–Դուբայ չվերթի ուղևոր, Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ վերջինս «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահն է։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, ժամը 07։30-ի սահմաններում։ Կայքի տեղեկություններով՝ Արզաքանցյանի ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 փամփուշտ։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։ Դրանք, ինչպես նաև Արզաքանցյանը, ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի «Զվարթնոցի» քննչական բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։