ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2024 թվականին հայ ժողովրդին արժանապատիվ խաղաղություն է մաղթել և դրան հասնելու հավաքական կամք։ Ուղերձը հրապարակվել է Քոչարյանի տելեգրամյան ալիքում։
«Տարին ողբերգական էր: Ցավոք, հետևություններ չարվեցին: Շարունակում ենք ողորմածություն աղերսել թշնամուց՝ այդ ստորացումն անվանելով խաղաղություն: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում։ Արժանապատիվ խաղաղություն և դրան հասնելու հավաքական կամք եմ մաղթում»,- ասված է երկրորդ նախագահի ուղերձում:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից էլ այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի գրասենյակը։
«Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին»,– ասված է հաղորդագրությունում:
Ծաղկեպսակը դրված է Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատի մոտ։