ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց

Ստեփան Գալստյան
Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․–ի հոկտեմբերի 2-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
«Դատարանը բավարարել է 25 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը»,– ասաց նա։
Նշենք, որ Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․–ի հոկտեմբերի 2-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի գործով։
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
2023 թվականի հունվարին նա կրկին կալանավորվեց ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: