ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները։ Մայր աթոռը հայտարարություն է տարածել` հույս հայտնելով, որ Իսրայելի իշխանություններն իրավաչափորեն կարձագանքեն պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված հանցավոր գործողություններին։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։
«Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։ Հուսով ենք` մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, և կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,– ասված է հայտարարությունում։
Մայր աթոռը զորակցություն է հայտնել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։