ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ավիաուղիներով 2023 թվականի 11 ամսվա ընթացքում 10 տոկոսով ավելի ուղևոր է տեղափոխվել, քան նախորդ տարի։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հայաստանն ավիացիայի ոլորտում բավականին մեծ առաջընթաց է գրանցել։ Ընդհանուր առմամբ 11 ամսվա ընթացքում 5 մլն 44 հազար մարդ է եկել կամ մեկնել Հայաստանից։ Նրանցից 34 տոկոսը տեղափոխվել են հայկական ավիաուղիներով, և սա բացառիկ ցուցանիշ է։ Նախորդ տարի 24 տոկոս էր կազմում, և մենք շատ էինք ոգևորվել այդ ցուցանիշից»,– ասաց Սանոսյանը։
Նա նաև նշեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում արդեն լիցենզավորված տաքսի ծառայություն է գործում, որը 25 նոր էլեկտրամոբիլով է աշխատում։
Նախարարը հստակեցրեց, որ Հայկական ավիաուղիների մասնաբաժինը ուղևորափոխադրումների շուկայում 2022 թվականի համեմատ աճել է 24%-ից մինչև 34%, իսկ թռիչքների քանակը՝ 31 800-ից մինչև գրեթե 41 հազար։ Հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված 5 մլն 44 հազար ուղևորից 2 մլն 516 հազարը բաժին է ընկել մեկնումներին, իսկ 2 մլն 528 հազարը՝ ժամանումներին: