Գեղարքունիքը և Սյունիքը պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածությամբ մարզերն են

Ականազերծում
Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ՝ որպես տարածքների անվտանգության նշան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik․ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։ Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը՝ ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները։
«2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում դեռևս առկա է ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածք` 42 165 966 մ² մակերեսով»,- նշված է հաղորդագրության մեջ։
2023-ի ընթացքում Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում ընդհանուր ավելի քան 230 հազար քառակուսի մետր տարածք է մաքրվել պայթյունավտանգ զինամթերքից։ Մաքրման աշխատանքներ են իրականացվել Վայոց Ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում։ Նշվում է, որ ընթացիկ տարվա պլանով նախատեսված էր 50 000 մ² տարածք մաքրել պայթյունավտանգ զինամթերքից։
Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ։ Դրանք փաստում են, որ տարածքներն անվտանգ են։ Հանձնվել են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։
ՀՓԱԿ մասնագետները նռնակներ, արկեր և կասետային ենթազինամթերք են հայտնաբերել ՀՀ 3 մարզում