ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին հանգիստ չի տալիս ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց ընկերների ճակատագիրն Ադրբեջանում։ Այս մասին նա գրել է Հայաստանի ընկերներին ուղված իր բաց նամակում։
«Դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ։ Ոչ միայն ձեզ համար Հայաստանում, այլև ինձ համար Ռուսաստանում»,– գրել է նա։
Զատուլինը նշել է, որ 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների պատմական կապերի համար։ Որպես օրինակ նա հիշել է Ռուսաստանի Դաշնության դեմ 17 500 պատժամիջոցները , իսկ հայ ժողովրդի համար Արցախի կորուստը։
«Լի ենք դառնությամբ, ինչպես ասում էին հնում: Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ կյանքը շարունակվում է: Եվ մենք հավատում ենք հաղթանակին, որը գալու է»,– գրել է նա։
Պատգամավորը ցանկացել է, որ 2024 թվականը նման չլինի 2023-ին, որ հայերը երջանիկ ու հաջողակ լինեն Նոր տարում։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է: