ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում։
«Այո՛, ես հանդիպումներ ունեցել եմ Սամվել Շահրամանյանի հետ։ Կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել հանրապետությունը։ Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել»,-նշեց նա։
Հարցին` կատարվածից հետո ռևանշո՞վ է լուծվելու Արցախի հարցը, Սարգսյանը պատասխանեց, որ ռևանշ ասվածի մեջ որևէ վատ բան չի տեսնում։
«Ես շատ երկար ժամանակ է, որ զբաղվում է շախմատով, շախմատի աշխարհում եմ, և գիտե՞ք քանի անգամ է եղել, մատչ ռևանշ են ասել աշխարհի չեմպիոնության համար: Մի՞թե էդ մարդիկ խելացի չեն եղել, մի՞թե էդ մարդիկ կյանքից ոչինչ չեն հասկանում: Ի՞նչ է նշանակում ռևանշ։ Ռևանշը նշանակում է նոր հաջողության հասնել»,–ասաց Սարգսյանը։
Իսկ Բաքվի կողմից հնչեցվող «ռևանշիստներ» ձևակերպմանը, որը հիմնականում հնչում են Բաքվից, սակայն 3–րդ նախագահը տարակուսում է, թե դա գիտական տերմին է։ Նրա կարծիքով` այն հորինվել է մարդկանց կողմից, որոնք ինչ –որ հաջողության հասել են և ուզում են դրա վրա ամբողջովին մնալ և ուրիշին ոչինչ չտալ։
«Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում։ Այսինքն ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա: Եթե այդպես է, ապա իրանց կարելի է, մեզ չի՞ կարելի: Մի՞թե մենք հասել ենք էն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի: Արդյոք դա ճիշտ դիրքորոշում է: Արդյոք արժի դրա համար ապրել, երբ որ դու ոչ մի իրավունք չունես, ուրիշները բոլոր իրավունքներն ունեն»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Բաքվի կողմից նման որակավորումն ուղղված է ՀՀ ընդդիմությանը, նաև իրեն, Սարգսյանը հակադարձեց` «Չեմ կարծում, որ ինձնից այնպիսի ուժ եմ ներկայացնում, որ ադրբեջանիցներն ինձնից վախենում են»։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։