ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր առգրավել է մոտ կես միլիոն փաստաթուղթ և ՀԱՄԱՍ-ի ավելի քան 65 միլիոն նիշք: Այս մասին ասվում է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ։
«Պատերազմի սկզբից ի վեր ՑԱԽԱԼ-ի զինվորները առգրավել են հազարավոր փաստաթղթեր և տեխնիկական թղթաբանություն, որոնք հետագայում հանձնել են գրավման խմբին, ինչը կարևոր ներդրում է ունեցել հետախուզական ստորաբաժանումների աշխատանքում»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Բազմաթիվ փաստաթղթերի թվում եղել են Բեյթ-Հանունի տարածքում հանքերի, թունելների գծագրերը և արկերի դասավորության գծագիրը։ Օրինակ՝ արկերի դասավորության գծագրին կցված նշումներից մեկում ասվում է. «Բեռը գտնվում է Անոր-Ալենտեզ քաղաքում՝ ձիթենու ծառի տակ, դռնից 21 մետր դեպի հյուսիս և Ալսեկա փողոցից 10 մետր դեպի արևելք»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: