ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու Հայաստանի առջև ստանձնած դաշնակցային պարտավորություններից։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ոչ մի հիմք չունեմ պնդելու, որ Ռուսաստանը չի կատարի Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները։ Կարծում եմ` հիմա չափազանց կարևոր է, և դա բխում է բոլորի շահերից, որպեսզի իրավիճակը զարգանա խաղաղ հունով, և հիմքեր ստեղծվեն երկարատև խաղաղության համար»,– ասաց նա։
Իհարկե, Ռուսաստանը միաժամանակ Հայաստանի կողմից մեծ ցանկություն չի տեսնում աշխատել ռուսական բանակցային հարթակում։ Դիվանագետը շեշտեց, որ այնուամենայնիվ, Մոսկվան չի հեռանում տարածաշրջանից, և նրա համար տարածաշրջանային խաղաղությունը չափազանց կարևոր է։
Կոպիրկինը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու են որոշ ռուս պաշտոնատար անձինք եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ մեղադրում Հայաստանին և ոչ Ադրբեջանին։ Նա նշեց, որ ռուս պաշտոնյաների ոչ բոլոր հայտարարություններ են բխում Հայաստանի հասցեին կշտամբանքների տրամաբանությունից։ Կան նաև դրական գնահատականներ, որոնք, ցավոք, բավարար չափով չեն լուսաբանվում, ինչպես և չի լուսաբանվում Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման էությունը։
«Շարունակելով կշտամբանքների թեման` նշեմ, որ արժե հաշվի առնել նաև Հայաստանում առանձին անձանց կողմից Ռուսաստանի հասցեին հնչող լուրջ քննադատություններն ու մեղադրանքները։ Փորձ է արվում բարդել Ռուսաստանի վրա՝ ողբերգությունների և անհաջողությունների համար։ Իհարկե, Մոսկվան ինքն իր վրայից չի հանում պատասխանատվությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համար»,– նշեց Կոպիրկինը։
Նրա խոսքով` ՌԴ–ն պատասխանատու դերակատար է և հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է հիմնական խնդիրները լուծելու, էսկալացիա թույլ չտալու համար։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, ասաց, որ ՀՀ–ն, Պրահայում ճանաչելով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, խախտել է եռակողմ պայմանավորվածությունը։