Ավելի քան 3 հազար բեռնատար վատ եղանակի պատճառով մնացել է Վրաստանի հետ ՌԴ-ի սահմանին

Վերին Լարսի անցակետի մոտ բեռնատարների վարորդների համար ջեռուցման կետեր են տեղակայվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ավելի քան 3 հազար բեռնատար այս պահին կանգնած է Վերին Լարսի անցակետում (ռուս-վրացական սահման) ու սպասում է անցակետի բացմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 24-ից բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը դադարեցվել էր եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Երեկ երթևեկությունը բացվեց թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ:
«Հերթում ընդհանուր 3080 բեռնատար կա», – ասվում է կենտրոնի կայքում:
Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ–ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Վերին Լարսի անցակետի մոտ ջեռուցման կետեր են տեղակայվել:
«Ջեռուցման կետերը կգործեն մինչև իրավիճակի կարգավորումը։ Մինչև երթևեկության վերականգնումը վարորդներն այնտեղ կարող են ոչ միայն թեյ և սուրճ խմել, այլև տաքանալ և լիցքավորել հեռախոսները», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Վրաստանում վատ եղանակի պատճառով արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի ՀՀ և Թուրքիա
Հավելենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։