ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Անկանխիկ առևտուր անող թոշակառուների հետվճարն ամբողջության կիրականացնի ՀՀ կառավարությունը։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոսի չափով հետվճարի համակարգը, որը գործարկվել է անցած տարի, էականորեն արդարացրել է իրեն։
«Նախկինում հետվճարի 5 տոկոսը վճարում էին բանկերը, 5 տոկոսը` պետությունը, և օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց բանկերը միացել էին համակարգին։ 2024 թ. հունվարի 1–ին հետվճարի ամբողջ 10 տոկոսը կվճարի ՀՀ կառավարությունը, որպեսզի թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք։ Մենք շնորհակալություն ենք հայտնում համակարգին միացած բանկերին, ու, իհարկե, մեզ անհասկանալի է այն բանկերի գործունեությունը, որոնք այս համակարգին չմիացան կամ ուշ միացան, սակայն դա այլ թեմա է»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ներկայացրեց 2023 թ. նոյեմբերի տվյալները, ըստ որոնց` 2023 թ. հուլիսից, այսինքն` համակարգի ներդրման պահից ի վեր ՀՀ–ում կենսաթոշակառուները 62 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել, իսկ 5.2 մլրդ դրամը` որպես հետվճար, վերադարձվել է թոշակառուներին ։
Փաշինյանի խոսքով` 1000 հատ POS տերմինալ է տեղադրվել ՀՀ մարզերում, սակայն մինչ այս պահը դրանցով զրո գործարք է կատարվել ։
«Սրանից հետևություն` տնտեսվարողները անկանխիկ առևտուր անելու հնարավորություն չեն տալիս, ինչը օրենքի խախտում է, ու նաև զրկում են կենսաթոշակառուներին օգտվելու այս հնարավորությունից»,– նկատեց նա։
Ըստ վարչապետի` ՀՀ–ում անկանխիկ թոշակ ստացող ավելի քան 500 հազար քաղաքացիներից միայն 465 հազարն է այս պահին մասնակցում այս համակարգին, ինչը մտահոգիչ է, այդ պատճառով պետք է մեծացնել իրազեկման ու մասնակցության մակարդակը։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուներն ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործառնություններից հետվճար ստանալու համակարգը գործում է 2022 թվականի հուլիսի 1-ից։