ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի համոզել է ԵԱՏՄ երկրներին, որ Հայաստանն ընդգրկեն միության կազմում: Լրագրողների հետ զրույցում նա այսօր ասաց, որ առաջին անգամ է խոստովանում դա։
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը միանգամայն անսպասելի միանձնյա որոշում կայացրեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ից:
Սարգսյանի խոսքով ՝ հակառակ դեպքում երկրի տնտեսությունը ծնկի կգար և չէր կարողանա զարգանալ ԵԱՏՄ արտահանման և միության երկրներից ներդրումների հաշվին: Նա ընդգծեց, որ այն ժամանակ տնտեսության առյուծի բաժինը գյուղատնտեսությանն էր, և անհրաժեշտ էին արտադրանքի իրացման նոր շուկաներ։
«Մենք ունեինք 300 հազար գյուղացիական տնտեսություններ։ Բա էդ մարդիկ ի՞նչ պետք է անեին, որտե՞ղ պետք է ծախեինք մեր կոնյակը, մեր ծիրանը։ Կարո՞ղ է` տանեինք Թուրքիա լոլիկ վաճառեինք»,–ասաց նա։
Սարգսյանը հավելեց, որ այդ մասին տեղյակ են եղել նաև ԵՄ գործընկերները։
«Մենք զուգահեռ բանակցություններ ենք վարել Մաքսային միության (ԵԱՏՄ-ից հետո) և Եվրամիության հետ։ Դա չէր կարող գաղտնի լինել, որովհետև կոնկրետ մարդիկ էին գալիս տասնյակներով և ուսումնասիրում էին տարբեր պետական մարմինների գործունեությունը», -ասաց նա։
Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ հնարավոր չէ առանձնացնել անվտանգային միջավայրն ու տնտեսությունը։
«Այդ նույն մարդիկ, որոնք ուզում են հաճույքով օգտվել ԵԱՏՄ–ի ընձեռած հնարավորություններից, բա ինչո՞ւ երբ իշխանություն չունեին, «ափռ–ցփռ» խոսում էին։ Սա արդեն փաստարկ չէ՞, որ այդ մարդիկ ղեկավարվում են ոչ թե օբյեկտիվ գործոններով, այլ իշխանության հասնելու համար պատրաստ են իրենց ճղել»,–ասաց նա։
Այժմ, ըստ ՀՀ երրորդ նախագահի, իշխանությունը թռչկոտում է մի հարթակից մյուսը։ Եվ դա ոչ մի կապ չունի նախկինում վարված քաղաքականության հետ։