Ջուրն ավելի կարևոր է. ՇՄ նախարարությունը մտադիր չէ զիջումներ անել ձկնաբույծներին

Տիգրան Գաբրիելյանը չբացառեց, որ առաջիկայում ձկնաբույծների նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։
Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, ջուր` ոչ. Փաշինյանը` ձկնաբուծարանների մասին
Նա նշեց, որ Սևանա լճի մակարդակը կլիմայական փոփոխությունների ֆոնին նվազում է: Բացի այդ, վերջին 10 տարվա ընթացքում զգալիորեն նվազել է արտեզյան ավազանի մակարդակը` 1,57 մետրով: Հետևաբար, ջրային ռեսուրսների վերականգնման համար խիստ անհրաժեշտ է կրճատել ջրի օգտագործումը։ Փոխնախարարը նաև ընդգծեց, որ ջրից ամենամեծ օգտագործողները ֆերմերներն ու ձկնաբուծարաններն են։
«Ռեսուրսների խնայողության համար որոշվել է գնալ ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող նոր համակարգերի ներդրմանը և ջրի խնայողությանը։ Մեր հաշվարկներով՝ ձկնաբուծական տնտեսություններում ջրի ծախսի 40%–ով նվազումը կհանգեցնի արտեզյան ավազանի վերականգնմանը։ Եթե դա բավարար չլինի, ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն»,– ասաց Գաբրիելյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Արմավիրի և Արարատի մարզերի տարածքում գործում են ավելի քան 900 ապօրինի և լքված հորեր, փոխնախարարը վստահեցրեց, որ դրանց դեպքում ջրի կորուստը մեծ չէ: Նրա տվյալներով՝ ընդամենը 49 ցայտաղբյուրային հորատանցք կա և ջրի կորուստը ամենամեծում կազմում է 64 լիտր վայրկյանում, մինչդեռ խոշոր ձկնաբուծական տնտեսությունները ստանում են վայրկյանում 2400 լիտր օգտագործելու թույլտվություն:
«Եթե մենք վաղը փակենք այդ հորատանցքերը, ապա ջրի վերականգնման հարցը չի լուծվի։ Անհրաժեշտ են լուրջ միջոցներ։ Եվ ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ», – ասաց նա։
Փակ ցիկլը խնայում է ջուրը, բայց ձկնաբուծության վերջն է. գործարարը` իր ձախողված փորձի մասին
Նշենք, որ ՀՀ ջրային օրենսգրքում նոյեմբերի 22–ին ընդունված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր: Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
ՀՀ ԱԺ–ում քննարկման ժամանակ ընդդիմությունը քննադատել է օրինագիծը՝ հայտարարելով, որ բիզնեսին պետք էր նախապես նախազգուշացնել նման համակարգեր տեղադրելու անհրաժեշտության մասին, որոնք քիչ ծախսեր չեն պահանջում: