Հայտնաբերվել է Պրահայում 14 մարդու սպանած ուսանողի նամակը. ի՞նչ է խոստովանել նա

Պրահա
Ոստիկանությունը ապացույցներ ունի, որ ուսանողը դեկտեմբերի 15-ին այլ սպանություններ էլ է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում 14 մարդու սպանած ու 25 մարդու վիրավորած Դավիթ Կ.-ն խոստովանել է, որ ևս մեկ տղամարդու ու երեխայի է սպանել։ Այդ մասին գրված է եղել նրա տանը հայտնաբերված նամակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղար Յան Դանեկը։
Ավելի վաղ Պրահայի ոստիկանությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին Կլանովիցկի այգում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու ու նրա երկու ամսական դստեր դիակները: Այժմ ոստիկանությունը, բացի վերը նշված նամակից, ունի նաև Դավիթ Կ.-ի կողմից իրագործված կրկնակի սպանության մեղավորության այլ ապացույցներ:
«Մենք գտել ենք նամակ, որում մարդասպանը գրել է, որ հարձակում է գործել Կլանովիցկի այգում» - ասել է Դանեկը։
Հիշեցնենք` Պրահայում դեկտեմբերի 21-ին Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի 24-ամյա ուսանող Դավիթ Կ.- ն ինքնալիցքավորվող հրացանով կրակ է բացել լսարաններում գտնվող ուսանողների, ինչպես նաև համալսարանի պատուհանների տակով անցնող մարդկանց վրա: Վերջին տվյալներով՝ կրակոցների զոհ է դարձել 14 մարդ, ևս 25-ը վիրավորվել են:
Կարլի համալսարանի դեպքից հետո Չեխիայի կրթօջախներում կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել