Արցախից 17000 բռնի տեղահանված սովորում է ՀՀ դպրոցներում, 2800–ը` բուհերում և քոլեջներում

Մինչև ԼՂ բնակչության բռնի տեղահանումը ՀՀ–ում սովորող արցախցի 900 ուսանողների ուսման վարձը փոխանցվել է բուհերին, քոլեջներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում, իսկ մոտ 2800–ը` բուհերում և քոլեջներում։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով` աշակերտների համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ:
«Ուզում եմ ընդգծել, որ շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսումնական հաստատություններում և կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են բուհերում, իսկ 1000 ուսանողներ՝ քոլեջներում:
ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում. Անդրեասյան
Անդրադառնալով ՀՀ–ում արդեն իսկ սովորող արցախցի ուսանողներին, որոնց ուսման վարձը վճարում էր ԼՂ իշխանությունը կամ ուսանողների ընտանիքների, որոնք նույնպես տեղահանվել են և այժմ չունեն ուսման վարձ վճարելու հնարավորություն, նախարարն ասաց.
«Մեր վերջին որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 սովորող, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։