Իրանը պատասխան կտա Իսրայելին Սիրիայում իր խորհրդականի սպանության համար. ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին. Արխիվային լուսանկար
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ խորհրդականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանը ահաբեկչություն է որակում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով Սիրիայում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` իրանական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) խորհրդական Սեյեդ Ռազի Մուսավին: Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Քանանին Իսրայելի գործողություններն անվանել է «երկչոտ» և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ճիշտ պահին և ճիշտ վայրում անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկի այդ գործողության դեմ:
Իրանի պետական Tasnim գործակալությունը երեկ հայտնել էր, որ ԻՀՊԿ խորհրդականը զոհվել է սիրիական Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարձակման հետևանքով: Դամասկոսում Իրանի դեսպան Հուսեյն Աքբարը պարզաբանել է, որ Իսրայելը երեք հրթիռով հարվածել է այն տանը, որտեղ ապրում էր խորհրդականը: ԻՀՊԿ-ն հաստատել է Մուսավիի մահը։