Բայրամովը և Աբդոլլահիանը խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Արխիվային լուսանկար
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցության հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին»,-ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով ՝ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցության հարցեր:
Ավելի վաղ տարածաշրջանային համագործակցության հարցեր էին քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին:
Մասնավորապես, կողմերը մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային պլատֆորմի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) վերաբերյալ նկատելով, որ Թեհրանում կայացած հանդիպումն օգտակար էր:
«3+3» խմբի (իրականում ՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՝ հինգ երկրների փոխարտգործնախարարի մակարդակով։ Եվս մեկ նիստ, այս անգամ հնգյակի երկրների նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին։