ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական Strauss սուրճ արտադրող ընկերությունը հայտարարել է սուրճի տուփերի վրա «թուրքական» բառից ժամանակավորապես հրաժարվելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Times of Israel պարբերականին։
Ընկերությունը նման որոշում է կայացրել հասարակական քննադատության պատճառով՝ Թուրքիայի կողմից Գազայի հատվածին աջակցելու ֆոնին։ Այժմ Strauss-ը ներկայացրել է Elite շարքի սուրճի տուփերի նոր նմուշներ՝ առանց «թուրքական» բառի, բայց Իսրայելի դրոշով և «Հաղթանակի սերունդ», «Միասին ավելի ուժեղ» և այլ կարգախոսներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ բազմիցս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել է «դահիճ» և «մարդասպան», հայտարարել, որ նա ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածում, որ երկարացնի իր քաղաքական կարիերան և խուսափի Իսրայելում իր դեմ սկսված դատավարությունից: Անկարան նաև հրաժարվում է ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց։
Թերթի տվյալներով՝ սուրճի ապրանքանիշը «ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ» և հայտնի է արդեն տասնյակ տարիներ, այնուամենայնիվ, մարքեթինգային քայլը հավանության է արժանացել համացանցի օգտատերերի կողմից:
Ընկերության տնօրեն Ավի Լաուֆերը նշել է, որ սոցիալական ցանցերում ընկերությանը կոչ են արել ապրանքանիշը փոխել «իսրայելական սուրճի»: Նա ընդգծել է, որ սուրճի հատիկները մատակարարվում են ոչ թե Թուրքիայից, այլ Բրազիլիայից և այլ երկրներից: Նրա խոսքով՝ նոր փաթեթավորումը կոչված է բարձրացնելու Գազայի հատվածում կռվող զինվորների մարտական ոգին։ Նա նշել է, որ նոր փաթեթավորումը ժամանակավորապես հասանելի կլինի, սակայն չի մանրամասնել, թե որքան ժամանակ, ընդ որում՝ դիզայնի հին տարբերակը նույնպես հասանելի է մնում:
ԶԼՄ-ները նշում են, որ սուրճ արտադրողի հասցեին նմանատիպ կոչեր հնչել են 2014 թվականին, երբ հերթական հակամարտության ընթացքում Թուրքիան աջակցել է ՀԱՄԱՍ-ին: