Բիզնեսը տարեկան մոտ 27 մլրդ ռուբլի կտնտեսի Իրանի մաքսատուրքերի նվազման հաշվին. Ռեշետնիկով

Մաքսիմ Ռեշետնիկով
Համաձայնագրի պայմանները նախատեսում են, որ Իրանը ԵԱՏՄ երկրներից, այդ թվում ՌԴ–ից ներմուծման ավելի քան 95 տոկոսի համար կկիրառի մաքսատուրքերի արտոնություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,25 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կողմից Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական բիզնեսի համար մաքսատուրքերի խնայողությունը կարող է կազմել տարեկան շուրջ 27 մլրդ ռուբլի: Այս մասին ասվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին
Նշվում է` համաձայնագրի պայմանները նախատեսում են, որ Իրանը ԵԱՏՄ երկրներից, այդ թվում ՌԴ–ից ներմուծման ավելի քան 95 տոկոսի համար կկիրառի մաքսատուրքերի արտոնություններ, ինչպես նաև կսահմանի առևտրի կանխատեսելի և թափանցիկ ռեժիմ:
«Մեր համաձայնագրում մենք ոչ միայն կարողացել ենք համաձայնեցնել զրոյական մաքսատուրքերը ռուսական արտահանման զգալի մասի համար, այլև նման ռեժիմը տարածել ապրանքների լայն անվանացանկի վրա ՝ մեր արտահանողներին հնարավորություն տալով դիվերսիֆիկացնել իրենց մատակարարումներն Իրան», - փաստաթղթի ստորագրումը մեկնաբանել է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Նշվում է, որ ռուսական բիզնեսի համար մաքսատուրքերի խնայողությունը կարող է կազմել տարեկան մոտ 27 մլրդ ռուբլի:
«Նախկինում Թեհրանն աշխարհի ոչ մի երկրի չի տրամադրել համադրելի զիջումներ թե՛ կարգավորող, թե՛ սակագնային առումով: Բանակցությունների ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն հասնել Իրանի հետ առևտրային միջավայրի զգալի բարելավման, այլև մեր ապրանքների համար իրանական շուկա մուտքի եզակի հասանելիություն ստանալ»,- նշել է ռուս նախարարը։
Հիշեցնենք` ԵԱՏՄ երկրներն այսօր ստորագրել են Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին: