ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Բաքվի դատարանը քննության է ընդունել Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի բողոքը, որ վերաբերում է ստորադաս դատարանի որոշմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ կայացած նիստում ուսումնասիրվել են Խաչատրյանի վերաբերյալ տվյալներն ու վերաքննիչ բողոքի հիմնավորումները:
Գործով դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունվարի 7-ին:
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։